ԲՀԿ–ն 26 ձայնով դիմեց Սահմանադրական դատարան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը քիչ առաջ հայտնել է, որ ԲՀԿ–ն սահմանված ժամկետում ՍԴ է ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը։
«Հարգելի հայրենակիցներ,որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել,որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները,ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը», – գրել է նա Facebook–յան իր էջում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնել է, որ մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխություններն ու ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:
Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։
Օրերս ԲՀԿ–ն որոշել էր կազմակերպել ստորագրահավաք, որպեսզի դիմի ՍԴ` վիճարկելու Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Նրանց անհրաժեշտ էր հավաքել 27 ձայն։
ՍԴ դիմելու համար պետք է հավաքել ԱԺ պատգամավորների 1/5–ի ստորագրությունները։ Հիմա ԱԺ–ում կա 132 պատգամավոր, որոնցից 88–ը իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, 25–ը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից են, 17–ը` «Լուսավոր Հայաստանից» և երկուսն անկախ պատգամավորներ են։
Ինչպես news.am–ին հայտնել է ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ԲՀԿ–ն ՍԴ է դիմել 26 պատգամավորի ստորագրությամբ։
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն իր հերթին մեկնաբանում է ստեղծված իրավիճակը։
«Սիրելի լրագրողներ, մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։ Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։ 26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։ Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ», – նշել է պատգամավորը։
ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

