Մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները. Փաշինյան

25.06.2020, 21:07
Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները, ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից
Մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ մի քանի ժամից ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները։ 

«ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։

Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից», – գրել է վարչապետը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: 

Նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ևս կդադարեցվեն:

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–