Արմավիրի ՃՏՊ–ից տուժածներից մեկն ունի գանգուղեղային պոլիտրավմա, վիճակը կայուն ծանր է

30.09.2019, 12:46
Արմավիրի ՃՏՊ–ից տուժածներից մեկն ունի գանգուղեղային պոլիտրավմա, վիճակը կայուն ծանր է:
Արմավիրի ՃՏՊ–ից տուժածներից մեկն ունի գանգուղեղային պոլիտրավմա, վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա:

Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ:

Նշենք, որ նախօրեին երեկոյան Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ» մակնիշների), այնուհետև «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի կցորդիչին: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը տեղում մահացել է։–0–