Արայիկ Հարությունյանը բացատրել է` ինչու են ՀՅԴ–ի ակտիվիստները դեմ կրթական բարեփոխումներին

07.11.2019, 15:57
Արայիկ Հարությունյանը բացատրել է` ինչու են ՀՅԴ–ի ակտիվիստները դեմ կրթական բարեփոխումներին:
Արայիկ Հարությունյանը բացատրել է` ինչու են ՀՅԴ–ի ակտիվիստները դեմ կրթական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է ՀՅԴ–ի երիտասարդական թևի կողմից կազմակերպվող բողոքի ակցիան` իր հրաժարականի պահանջով։

Երևանի պետական համալսարանի ուսանողները նախօրեին առավոտից դասադուլ էին անում` բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ։

Իսկ այսօր  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության թիվ 3 շենքի մոտ։ Օրերս ՀՅԴ–ի երիտասարդական թևը հանդես է եկել «Կառավարության նիստ առանց Արայիկ Հարությունյանի» նախաձեռնությամբ։ Այսօր առավոտից նրանք բողոքի ակցիա են սկսել կառավարության շենքի մոտ։

«Ինչու նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտում բարեփոխումներից հետո, որովհետև տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի կառավարումը, և, ճիշտն ասած, պատրաստվում եմ իրենց` երեկ բերած արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց», – հայտարարեց նախարարը։

Նա նաև նշեց, որ պատրաստ է երկխոսություն վարել այն անձանց հետ, ովքեր իսկապես հետաքրքրված են կրթության ոլորտի փոփոխություններով, այլ ոչ թե նրանց, ովքեր հետապնդում են քաղաքական նպատակներ։–0–