Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը

09.01.2020, 12:32

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ 

Այս մասին որոշումներն ընդունվել են կառավարության նիստում: 

Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: 

Ըստ նոր կարգի՝  2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300,000 դրամ, հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փորախեն դարձնելով 26,500 դրամ։ 

Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։ 

Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։ 

Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4, 786,000,000 դրամ։–0–