ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի հրամանով, Անդրանիկ Փիլոյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
Նշենք, որ Փիլոյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Դատարանը բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ պատրաստվում են դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել, սակայն քրեական գործի վերաբերյալ այլ հարցերին պատասխանելուց զերծ մնաց։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Եվս 8 անձի, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում