«44-օրյա պատերազմի մասին որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել». Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, ինքը հատուկ չի անդրադարձել այդ օրվան։
«44-օրյա պատերազմի մասին 5 տարի անընդհատ խոսել ենք։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել՝ սկսած քննչական հանձնաժողովից, ԱԺ ելույթներից և այլն»,– ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ կան բազմաթիվ օրեր, որոնց հատուկ անդրադարձ չի կատարվում։
«Մենք Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, և դա նրա համար է, որ չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերում հայրենիքի համար զոհված մեր քույրերին և եղբայրներին»,– նշել է վարչապետը։
Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ի, ապրիլյան պատերազմի և նախորդող շրջանում տեղի ունեցած խոշոր էսկալացիաների առնչությամբ նույնպես հատուկ ուղերձներ չեն եղել։
Անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը ցուցադրելուն` Փաշինյանը նշել է, որ պետք է հասկանալ՝ արդյոք բոլոր այն օրերին, երբ համերգներ են հեռարձակվում, տասնյակ զոհեր չեն եղել։
«Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ոնց վերաբերվենք։ Հետո գալու է նոյեմբերի 9-ը։ Ուզո՞ւմ եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ։ Իսկ մնացած օրերի՞ն։ Խնդիրն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի։ Եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, կարող է պարզվել՝ 360 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»,– ասել է վարչապետը։
Նա նաև անդրադարձել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ ուղերձի հնարավոր բովանդակությանը՝ նշելով, որ դրանում պետք է օգտագործվի այն բառապաշարը, որը բխում է օգոստոսի 8-ի քաղաքական տրամաբանությունից և պայմանավորվածություններից։
«Հետո մեծ քննարկում է լինում նրա մասին, որ տեսեք՝ գրված չէ «Արցախ», գրված չէ «ագրեսիա», «ցեղասպանություն»», - ընդգծել է Փաշինյանը։

