2027 թ.-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

14.11.2025, 15:22
Որպես այլընտրանք կքննարկվեն բազմակի օգտագործման թղթե և կտորից պատրաստված տոպրակները
2027 թ.-ի հունվարի 1-ից կարգելվի  պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. 2027 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ՀՀ-ն նախատեսում է արգելել միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց օգտագործումը մանրածախ առևտրի և հանրային սննդի կետերում, հայտարարել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Նախատեսվում է նաև արգելել դրանց վաճառքը շարժական վաճառակետերում, տոնավաճառներում և մանրածախ առևտրի կետերում, բացառությամբ կշռման և փաթեթավորման կամ վերամշակված թափոններից պատրաստված տոպրակների։ Արգելքը կվերաբերի նաև 50 միկրոնից ավելի խտություն ունեցող պոլիէթիլենային տոպրակներին», - նշել է Մաթևոսյանը ուրբաթ կառավարության նիստում՝ ներկայացնելով թեմային առնչվող նախագծի փաթեթ՝ միաժամանակ նշելով, որ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն՝ արդեն իսկ ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և արգելման մասին:

Նրա խոսքով՝ որպես այլընտրանք կքննարկվեն բազմակի օգտագործման թղթե և կտորից պատրաստված տոպրակները։

«Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները»,-ասել է նախարարը:

Այս առումով Մաթևոսյանը հավելել է, որ այս արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ սկզբում նախնական նախազգուշացմամբ, իսկ կրկնության դեպքում՝ 100,000-ից 150,000 դրամ տուգանքով։

«Ներկայումս տուգանքը կազմում է 30,000-ից 100,000 դրամ», - հիշեցրել է նա։

2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պլաստիկե տոպրակների օգտագործումը մանրածախ առևտրի կետերում, բացառությամբ վերամշակված կշռման տոպրակների։ Տնտեսվարողներին տրվել է մոտ երկու տարի՝ պլաստիկե տոպրակներից հրաժարվելու և նոր, էկոլոգիապես մաքուր լուծումներ գտնելու համար։

Կառավարության կողմից հավանության արժանացած օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում: