«Ես եղել եմ Արցախում, չեմ կարող ընդունել հրավերը». Կոմանդոսը հրաժարվել է այցելել Բելառուս

10.02.2017, 17:34
Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս), ով 1992 թ.–ին ղեկավարել է Շուշիի ազատազրկման օպերացիան, հրաժարվել է այցելել Բելառուս` պատճառաբանելով, որ «այցելել է» Արցախ։
«Ես եղել եմ Արցախում, չեմ կարող ընդունել հրավերը». Կոմանդոսը հրաժարվել է այցելել Բելառուս
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս), ով 1992 թ.–ին ղեկավարել է Շուշիի ազատազրկման օպերացիան, հրաժարվել է այցելել Բելառուս` պատճառաբանելով, որ «այցելել է» Արցախ։

Նման տրոլինգը կապված է այն փաստի հետ, որ Մինսկը Բաքվին հանձնեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով այցելել էր Ղարաբաղ և Ադրբեջանի կողմից ներառվել «սև ցուցակում»։

Կոմանդոսը «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարն է։ Նա հրավեր է ստացել իր բելառուսցի գործընկեր Իվան Դիրմանից մասնակցելու Բելառուսի ԴՕՍԱԱՖ–ի 90–ամյակի տոնակատարությանը։

 - рис.1

«Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն ելնելով այն փաստից, որ այցելել եմ Արցախ, չեմ կարող մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ–ի 90–ամյակի տոնակատարությանը», – նշվում է Տեր–Թադևոսյանի պատասխան նամակում։

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։

Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: -0-