Նախընտրական հերթական զինված միջադեպը. ովքեր են թիրախում այս անգամ

21.03.2017, 11:45
Հայր ու որդի եղել են բարիկադի տարբեր կողմերում։
Նախընտրական հերթական զինված միջադեպը. ովքեր են թիրախում այս անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել:

«Ժողովուրդ» թերթի հաղորդմամբ, այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է: 

Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երևան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը: Դանակահարվել է նաև Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը. նրա վիճակը համեմատաբար լավ է, նա գտնվում է Ապարանի հիվանդանոցում:

Թերթի հաղորդմամբ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի և Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջև. պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,- ասել է պատգամավոր Ախոյանը: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի եղել են բարիկադի տարբեր կողմերում. հայրը Խաչատրյանի կողմնակիցն է, իսկ որդին` Առուստամյանի:

Վիճաբանությունը եղել է Շենահան և Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ, որտեղ և Լ. Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել են:

Ընդ որում, Խաչատրյանի շտաբի անդամները եղել են երեք հոգով, մյուս կողմը՝ մոտ տասը հոգով:

«Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ նախընտրական շտաբները որևէ տեղեկություն չէին տարածել, և եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր», – նշում են հոդվածի հեղինակները։–0–