Կասեցվել է տպարանի շենքը պայթեցրած ընկերության նմանատիպ աշխատանքներ իրականացնելու իրավունքը

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, ներկայացվեց հանձնաժողովի որոշումը, համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը:
«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը կասեցնելու վերաբերյալ ԱԻ նախարարության վերոնշյալ հանձնաժողովի որոշման տեքստում մասնավորապես ասվում է.
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 6-ի թիվ 291-Ն որոշման պահանջները, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել անձանց կյանքին, առողջությանը, ինչպես նաև՝ այլոց իրավունքներին և ազատություններին, ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովը որոշում է.
Կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով:
Նախկին «Առաջին տպարանի» շենքի ապամոնտաժումը, որը հոկտեմբերի 27–ին, օրը ցերեկով, պայթեցվեց շենքի սեփականատիրոջ թույլտվությամբ, մեծ իրարանցում առաջացրեց քաղաքի բնակիչների շրջանում և սոցիալական ցանցերում: Աղբյուրները հայտնում են, որ շենքը կառուցվել է նախորդ դարի 20-ականներին` Ալեքսանդր Թամանյանի մշակած նախագծի հիման վրա:–0–