«Կարգոները» խուսափել են հարկ վճարելուց. պետությանը պատճառվել է ավելի քան 2 մլրդ դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՊԵԿ քննչական վարչությունում «կարգոների» նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր։ Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս։
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) հարուցվել և քննվում են քրեական գործեր՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով, հաղորդում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:
«Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը հանդիսացել է Երևանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երևան Տուր» անվամբ տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանը, իսկ «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երևանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը: Քրեական գործերի շրջանակում որոշումների հիման վրա մոտ 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում «Երևան տուր» և «Բագրատուր» տուրիստանական ընկերությունների գրասենյակներում, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և գումար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ներկա պահին ձեռնարկվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու և վերականգնելու ուղղությամբ։
«Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–