ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ըստ թերթի, բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձևավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձև մեկնաբանվեց, կամ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կամ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել։
«Եվ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում։ Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ», – նշում են հոդվածի հեղինակները։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում։
Թերթի հաղորդմամբ, նույնիսկ խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաև իր բերածներից ոմանց։ Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչև խորհրդարանական ընտրությունները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում