Հրապարակվել է «Սասնա ծռեր» զինված խմբի իշխանություններին հանձնվելու տեսանյութը

31.07.2016, 23:43
Համացանցում հրապարակվել է «Սասնա ծռեր» զինված խմբի իշխանություններին հանձնվելու տեսանյութը։
 Հրապարակվել է «Սասնա ծռեր» զինված խմբի իշխանություններին հանձնվելու տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է «Սասնա ծռեր» զինված խմբի իշխանություններին հանձնվելու տեսանյութը։

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որում նշվում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է։

«Սասնա ծռեր» զինված խումբն էլ իր հերթին հայտարարել է, որ իշխանություններին հանձնվելուց հետո խմբի անդամներն իրենց համարելու են ռազմագերի։

Խմբի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը նշել է, որ ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, «այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին»։

«Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ ձեռնարկեցին, մեքենայով պատը ջարդեցին, հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով փորձեցինք երկխոսության մտենլ իրենց հետ: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք», – նշել է Ավետիսյանը։

Նրա խոսքով` առաջացած իրավիճակում իրենք ունեն երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արյունները, «որոնք քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ։

«Մյուսը՝ չգնալ արյունահեղության և շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը: Մեր առաքելությունը համարում ենք կատարված», – նշել է Ավետիսյանն ու ավելացրել, որ հիմա ժողովրդական շարժում է սկսվել։–0–