Հայկական կոնյակի աննախադեպ փառատոն Ծաղկաձորում

06.05.2017, 12:22
Ծաղկաձորում մայիսի 7–ին կանցկացվի Հայկական կոնյակի առաջին փառատոնը։
Հայկական կոնյակի աննախադեպ փառատոն Ծաղկաձորում
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ծաղկաձորում մայիսի 7–ին կանցկացվի Հայկական կոնյակի առաջին փառատոնը։

Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի անցկացման օրը և վայրը մնում են անփոփոխ. փառատոնը կկայանա մայիսի 7-ին Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Հարությունյանը։

Փառատոնի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:

Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները: Փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ: Կգործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ,զարդեր, հագուստ և այլն): Նախատեսվում է շոու ծրագիր, որն իրենց ելույթներով յուրովի կգեղեցկացնեն հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը:

Փառատոնը կավարտվի գեղեցիկ տոնական հրավառությամբ:

Կազմակերպիչների հաղորդմամբ, մուտքն անվճար է:

Նշենք նաև, որ Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը հերքել է վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայկական կոնյակի փառատոնը տեղափոխվում է մայիս ամսից հոկտեմբեր։–0–