ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հացադուլ հայտարարած չորս ուսանողներ միացան ակտիվիստ ուսանողներին Բաղրամյան պողոտայում։ Նրանք բողոքում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։
Նախօրեին հինգ ուսանող հացադուլ են հայտարարել և փակվել ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, սակայն երեկոյան նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողներին հայտարարեց, որ նրանք կքննարկեն հացադուլը շարունակելու նպատակահարմարության հարցը, սակայն այս պահին կարևորը պայքարի հետագա ռազմավարության որոշումն է։
«Խորհրդարանն, ընդունելով օրինագիծը, ցույց տվեց, որ չի պաշտպանում ժողովրդի իրավունքներն ու չի լսում նրա ձայնը։ Այս պահին մենք պետք է որոշենք մեր հետագա ռազմավարությունը, սակայն կարող եմ ասել, որ մտադիր չենք հրաժարվել հետագա պայքարից», – հայտարարեց Պետրոսյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։
Օրինագծին «կողմ» քվեարկեց 86 պատգամավոր` ԱԺ–ի գրեթե բոլոր խմբակցությունները բացի 6 պատգամավորից, ովքեր «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից են։
Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում