Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Armenia Digital Awards–ը․ կարող են մասնակցել ոչ միայն ՏՏ ընկերությունները

27.06.2024, 12:02
Հայաստանում հիմնադրվել է Armenia Digital Awards մրցույթը, որի շրջանակում կառանձնացվեն թվայնացման ոլորտում և նոր ու հետաքրքիր լուծումներով գործող հայկական ընկերությունների և մասնագետների հաջողությունները
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Armenia Digital Awards–ը․ կարող են մասնակցել ոչ միայն ՏՏ ընկերությունները

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում հիմնադրվել է Armenia Digital Awards մրցույթը, որի շրջանակում կառանձնացվեն թվայնացման ոլորտում և նոր ու հետաքրքիր լուծումներով գործող հայկական ընկերությունների և մասնագետների հաջողությունները։ 

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է մրցույթի կազմակերպիչ, E-Commerce&Digital Marketing Association–ի հիմնադիր և նախագահ Եվգենի Միշչենկոն, առաջին փուլը՝ հայտերի ընդունումը, կավարտվի հունիսի վերջին։

«Ամբողջ հուլիս և օգոստոս ամիսներին կանցկացվի հանրային քվեարկություն awards.am կայքում, բոլորին հրավիրում ենք գնահատելու դուր եկած նախագծերը։ Սեպտեմբերի 1-ից 10-ը ժյուրին կքվեարկի, իսկ սեպտեմբերի վերջին տեղի կունենա թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի վերաբերյալ քեյս–կոնֆերանս, բազմաթիվ բանախոսներ Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենան, իսկ կոնֆերանսը կեզրափակվի մրցանակաբաշխությամբ», – ասել է նա։

Միշչենկոն տեղեկացրել է, որ պրոֆեսիոնալների համար մրցույթին մասնակցելն անվճար է, մնացած մասնակիցները պետք է վճարեն։

«Առաջին պատճառն այսպիսի մինիմալ ֆիլտր ունենալն է, որպեսզի մրցույթին չմասնակցեն այնպիսի նախագծերով, որոնց հաղթանակին չեն հավատում։ Եվ երկրորդ պատճառն այն է, որ մրցույթի կազմակերպումը, գովազդը, հաջորդ փուլում հանրային քվեարկությունը, հետագա աշխատանքը անվճար չեն։ Աշնանը նախատեսում եմ նաև կազմակերպել թվային մարքեթինգի թեմայով կոնֆերանս, որի շրջանակում տեղի կունենա մրցանակաբաշխությունը, և սա ևս, ցավոք, անվճար չէ», – ասել է կազմակերպիչը։

Ամբողջական հարցազրույցը կարելի է ընթերցել հետևյալ հղմամբ։