ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազատության հրապարակում մեկնարկել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը, որը կազմակերպվել է Հայ ազգային կոնգրեսի կողմից։
Հավաքի ընթացքում կներկայացվեն Ղարաբաղյան շարժման լուսանկարները, պաստառները, տեսանյութեր։ Տեղի կունենա նաև պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմությունը 1988–1989» գրքի շնորհանդեսը։
1988 թ.-ի փետրվարի 20-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որի ժամանակ ընդունվել է որոշում «Ադրբեջանի ԽՍՀ-ի և Հայաստանի ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդնրի առջև Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ ԼՂԻՄ-ի փոխանցման վերաբերյալ միջնորդության մասին»:
Նստաշրջանը, որն անցկացվեց պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցության պայմաններում, փաստորեն, նախանշեց անկախության համար Լեռնային Ղարաբաղի պայքարը: Սակայն փետրվարի 21–ին Խորհրդային միությոն կոմունիստական կուսակցության կենտկոմի պոլիտբյուրոն ընդունեց որոշում, որն իր էությամբ հակասում էր ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին։ Խնդրի քաղաքական լուծումը կենտրոնը փորձում էր փոխարինել սոցիալ–տնտեսական միջոցներով, ինչը հանգեցրեց բնակավայրի բնակչության կատեգորիկ բողոքներին։
Հայաստանում ևս մեծ թափ էր ստանում շարժումն` ի աջակցություն ԼՂԻՄ հայ բնակչության։ Երևանում ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի առաջնորդները կոչ էին անում ուժեղացնել ճնշումը պետական մարմինների նկատմամբ` ԼՂԻՄ–ն Հայաստանին փոխանցելու հարցում հաջողության հասնելու նպատակով։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Լուսանկարները` «Նովոստի–Արմենիա» գործակալության