Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրավերով ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մայրաքաղաքում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետը դեսպանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է Հյուսիսային պողոտայում օրվա շրջանակում բացված տեղեկատվական ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:
Պատասխանատուները նշել են, որ տաղավարներում ներկայացված են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ այդ թվում մշակույթ, կրթություն, տուրիզմ, շրջակա միջավայր և այլն:
Բացի այդ, տեղեկատվական ցուցահանդեսի միջոցով այցելուները հնարավորություն են ստանում բացահայտելու Եվրոպան, Եվրոպական միությունն ու եվրոպական մշակույթի բազմազանությունը:
Շնորհակալություն հայտնելով դեսպան Պյոտր Սվիտալսկիին հրավերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է տարբեր ձևաչափերով Եվրամիության հետ համագործակցությանը:
Հարկ է նշել, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո:–0–