Վրաստանը ձերբակալել է Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր մատակարարելու մեջ կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.03.2017, 12:18
Մարտի 27-ին Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի:
Վրաստանը ձերբակալել է Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր մատակարարելու մեջ կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Վրաստանի ոստիկանության հաղորդման համաձայն, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ն որոնվում էր Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:

Ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել է երեք քաղաքացի, այդ թվում՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Հաղորդվում էր նաև, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ -0-