«Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդներից Պավել Մանուկյանը շտապ վիրահատությունների կարիք ունի. փաստաբան

01.08.2016, 13:09
«Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդներից Պավել Մանուկյանը շտապ վիրահատությունների կարիք ունի:
«Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդներից Պավել Մանուկյանը շտապ վիրահատությունների կարիք ունի. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 17-ից 31-ը Երևանի ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդներից Պավել Մանուկյանը շտապ վիրահատությունների կարիք ունի, հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Պավել Մանուկյանը վիրավորվել էր հատուկ նշանակության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ և ավելի ուշ կալանավորվել:

«Առաջիկա օրերին այդ վիրահատությունները կանցկացվեն: Արամ Մանուկյանը` Պավելի որդին, ևս վիրահատական միջամտման կարիք ունի», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Պետրոսյանը:

Նա ավելացրեց, որ Պավել Մանուկյանը և նրա որդին ոտքերի ծանր հրազենային վիրավորումներ են ստացել գնդացիրից արձակված կրակոցներից, ապա նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են:

«Կիրակիի դրությամբ, Պավել Մանուկյանի հանդեպ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսով կալանավորումը, և նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, ուր մինչ այդ տեղափոխվել էր նրա որդի Արամը, ով ի սկզբանե գտնվում էր անմարդկային պայմաններում», - ավելացրեց Պետրոսյանը:

Նա ընդգծել է, որ պաշտպանության կողմի բազում բողոքներից հետո, որոնք ուղղվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պայմանները փոքր-ինչ բարելավվել են, բերվել են հիվանդանոցային մահճակալներ, բացի այդ, հաստատվել է բուժաշխատողների հերթափոխային հերթապահություն:

Նա ավելացրեց, որ Պավել Մանուկյանին և նրա որդուն մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր կամ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ տեղափոխելը) հատկանիշներով։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-