ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեկին` Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ), դեռևս մեղադրանք չի առաջադրվել, հաղորդեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Մենք պայմանավորվածություն ունենք քննիչի հետ` համապատասխան քննչական գործողություններն այսօր կատարելու վերաբերյալ: Նախօրեին կազմվել է ձերբակալման արձանագրությունը, և Խանդոյանին ինձ հետ առանձին զրուցելու հնարավորություն է տրվել», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Պապիկյանը:
Նա նաև ավելացրեց, որ ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբավորման այլ երկու անդամների` Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի շահերը: Նա ընդգծեց, որ Պետրոսյանին և Հարությունյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235–րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր կամ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ տեղափոխելը) հատկանիշներով։
«Հիմա Պետրոսյանը և Հարությունյանը դատապարտյալների հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ են: Առաջին մի քանի օրը նրանք ծայրահեղ վատ պայմաններում էին: Կիրակի նրանց տեղափոխեցին համեմատաբար նորմալ պայմաններով պալատ», - նշեց Պապիկյանը:
Նա ընդգծեց, որ և Պետրոսյանը, և Հարությունյանը, հնարավոր է, լրացուցիչ վիրահատության կարիք կունենան: «Արայիկ Խանդոյանը նախօրեին հրաժարվեց բուժօգնությունից: Նա նշեց, որ իր համար այս վիրավորումը էական նշանակություն չունի», - ավելացրեց Պապիկյանը: Փաստաբանի խոսքով, Խանդոյանը մկանային հյուսվածքների վիրավորում է ստացել:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում