Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)

23.06.2017, 20:12
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 12–ին Կապանի լեռնահարստացման կոմբինատից ոստիկանության Կապանի բաժնում գրություն էր ստացվել, որ պատմամշակութային վայր հանդիսացող տարածքում` մ.թ.ա. 1–ին հազարամյակի դամբարանադաշտում, անհայտ անձինք քանդել և թալանել են երեք դամբարան։

«Համապատասխան միջոցառումներից հետո իրավապահները պարզեցին, որ նշված հանցավոր արարքը հնարավոր է կատարած լինեն Կապանի բնակիչներ Սևակ Սաֆարյանը, Գագիկ և Գուրգեն Ավագյանները։ Բացատրական աշխատանքների արդյունքում հունիսի 19–ին 3–ն էլ ներկայացան ոստիկանության Կապանի բաժին», – նշվում են գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Քանդելուց հանեցինք կավե կճուճներ, բաժակներ, հաջորդ անգամ պղնձի և քարի հուլունքներ ենք հանդիպել», – նշել են հանցագործության մեջ կասկածվողները։

Ըստ Սաֆարյանի, հափշտակված իրերի մի մասը վաճառել է Էրեբունու թանգարանին, իսկ մշակութային արժեք ներկայացնող մնացած առարկաները (տարբեր չափերի 6 կավե սափորներ, մետաղյա և քարե հուլունքներ), որոնց տիրացել էր Գագիկ Ավագյանը, հայտնաբերվել և առգրավվել են։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։ –0–