ՀՀ նախագահ. այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

25.04.2018, 11:35
Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահ. այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նշել, որ այսօրվանից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները։

«Սիրելի հայրենակիցներԵրեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսևորելով ազգային համերաշխության և միասնության օրինակ», – նշվում է ՀՀ նախագահի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, այսօր նույնպես, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական և համախումբ:

«Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել:Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջևերկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին», – հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ափսոսանք հայտնել, որ բանակցություններնընդհատվել են:

«Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև: Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները»,– հայտարարել է ՀՀ նախագահն ու հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ չորեքշաբթի Կարապետյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա, և բողոքի շարժումը վերսկսում է քաղաքացիական անհնազանդության տոտալ ակցիաները, քանի որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Դրան ի պատասխան` Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջ է քաշել նոր պահանջներ, ինչպես նաև նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին քննարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–