ՀՀ նախագահ. Երևանը պետք է չեզոքացնի միջազգային հարթակում Բաքվի հակահայկական գործողությունները

18.05.2017, 12:20
Հայաստանը պետք է առավել ակտիվ քաղաքականություն իրականացնի միջազգային հարթակներում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահ. Երևանը պետք է չեզոքացնի միջազգային հարթակում Բաքվի հակահայկական գործողությունները
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է առավել ակտիվ քաղաքականություն իրականացնի միջազգային հարթակներում, որպեսզի նվազեցնի Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը»,- ասել է Սարգսյանը հինգշաբթի ԱԺ անդրանիկ նիստի ընթացքում։

Երկրի ղեկավարի խոսքով, այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները. մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն։

Նորընտիր խորհրդարանում ընդգրկված է 4 քաղաքական ուժ. ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ՀՅԴ-ն (7 մանդատ):

Այսօրվա նիստում պատգամավորները կընտրեն խորհրդարանի նոր նախագահին, փոխնախագահներին (որոնց թիվը կավելանա մեկով. երկուսը` իշխանամետ և մեկը` ընդդիմադիր): Կընտրվեն նաև խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները: –0–