ՀՀ ԱԺ-ն կքննարկի համաներման նախագիծը արտահերթ նիստի ժամանակ

15.09.2016, 11:53
Համաներման քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի:
ՀՀ ԱԺ-ն կքննարկի համաներման նախագիծը արտահերթ նիստի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաներման քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Պարբերականի տեղեկություններով, Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծն արդեն պատրաստ է: Իսկ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի: Սակայն դեռևս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը:

Հավանաբար, սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Ենթադրվում է, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ:

Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ, քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված, հնարավոր է՝ «Համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի:

Չնայած, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր է գնահատվում, քանի որ նախօրեին ԱԺ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ:

«Ամեն դեպքում, դատապարտյալների և քրեական հանցագործություններ կատարածների ու նրանց հարազատների ուշքն ու միտքը համաներումն է, որպեսզի ազատվեն քրեական պատասխանատվությունից», - նշում է պարբերականը: -0-