Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը

28.03.2017, 15:22
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Թուրքմենստանի նախագահը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում, նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով:

Հաղորդագրության համաձայն, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենստանը շահագրգռված է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումն` ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում:

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», - ասել է Թուրքմենստանի նախագահը:

Թուրքմենստանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին ջերմ ընդունելության համար և իր հերթին ՀՀ նախագահի ողջույնները հաղորդել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը:

«Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի ու Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր հարցեր: Կարապետյանը և Բերդիմուհամեդովը համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը:

Բերդիմուհամեդովն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների միջև քննարկվող փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ապրիլին՝ Երևանում, աշխատանքային խմբերի մակարդակով: -0-