ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող Երևանյան լճում հայտնաբերվել է որսագողության ձկնորսական ցանց

02.09.2016, 23:30
Երևանյան լճում հայտնաբերվել է 400 մետր երկարությամբ որսագողության ձկնորսական ցանց:
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող Երևանյան լճում հայտնաբերվել է որսագողության ձկնորսական ցանց

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան լճում, որի հարևանությամբ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, հայտնաբերվել է 400 մետր երկարությամբ որսագողության ձկնորսական ցանց:

ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծով ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում կա մի քանի տասնյակ մետր երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը խոչընդոտում է թիավարության մարզաձևով զբաղվող մարզիկներին` շատ դեպքերում վտանգելով նաև վերջիններիս կյանքը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 - рис.1

Դեպքի վայր մեկնած բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները Երևանյան լճի կենտրոնական հատվածում հայտնաբերել են որսագողության միջոց հանդիսացող, մոտ 400 մետր երկարությամբ ձկնորսական ցանց և դիմել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

«Ուրբաթ՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության աշխատակիցները որսագողության միջոցները դուրս են բերել լճից: Տեղում առգրավվել է 30 հատ կարաս տեսակի կենդանի ձուկ, որոնք բաց են թողնվել լիճ», - նշվում է հաղորդագրության մեջ:

 - рис.2

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և փոխանցվել իրավապահ մարմիններին: -0-