ԱԺ պատգամավորները կարող են զրկվել աշխատանքի վերջին օրերի աշխատավարձից

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները կարող են զրկվել աշխատանքի վերջին օրերի աշխատավարձից։
Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստացի արձակված, սակայն մինչև նոր ընտրություններն իր լիազորությունները դե–յուրե պահպանող խորհրդարանը չի կարողանում նորմալ աշխատել։
Խորհրդարանի բնականոն աշխատանքի համար հարկավոր է ապահովել քվորում` նվազագույնը 53 պատգամավոր (ԱԺ–ում ընդհանուր առմամբ կա 105 պատգամավոր), միայն այդ դեպքում պատգամավորները կկարողանան քվեարկել և քննարկել օրինագծեր։ Սակայն իրականում շատ պատգամավորներ արդեն նախապատրաստվում են դեկտեմբերի 9–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և չեն մասնակցում նիստերին։
«Հայաստանի Ազգային ժողովի մասին» կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորներն առանց լուրջ հիմնավորումների չեն մասնակցում նիստերին և չեն ներկայացնում համապատասխան տեղեկանք (գործուղում, հիվանդություն և այլն), ապա նրանք զրկվում են այդ օրերի աշխատավարձից։
Հինգշաբթի պատգամավորները մեծ դժվարությամբ ապահովեցին քվորում հերթական նիստի համար, որի ընթացքում պետք է քվեարկեին չորս հարցի շուրջ և քննարկեին ևս 8 օրինագիծ։
Այս կապակցությամբ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն առաջարկեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին կազմակերպել խորհրդակցություններ հետագա նիստերի անցկացման մասին։
«Հասկանում եմ, որ շատերի համար առջևում ակտիվ քարոզչական ժամանակաշրջանն է, սակայն նրանք դեռ կատարում են պատգամավորի գործառույթները, և մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք անցկացնելու հերթական նիստը, որը նախատեսված է դեկտեմբերի 4–7–ը`քարոզարշավի առավել ակտիվ ժամանակաշրջանում», – ասաց Բաբլոյանը։
ԱԺ խոսնակը նաև նշեց, որ հասկանում է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ մասնակցում են նախընտրական քարոզարշավին, սակայն ըստ կանոնակարգի` նա ստիպված կլինի որոշում ընդունել այդ ընթացքի համար պատգամավորական աշխատավարձից զրկելու մասին։
Հայաստանում պատգամավորների ամսական աշխատավարձը կազմում է մոտ 750 հազար դրամ (շուրջ 1,5 հազար դոլար)։–0–