Հայկական պատմամշակութային հուշարձանները պահպանման և վերականգնման կարիք ունեն

03.11.2011, 14:06
Հայկական պատմամշակութային հուշարձանները պահպանման և վերականգնման կարիք ունեն
Հայկական պատմամշակութային հուշարձանները պահպանման և վերականգնման կարիք ունեն

Ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս պահպանման և վերականգնման կարիք ունեցող հայկական պատմամշակութային հուշարձանների թիվը բավականին տպավորիչ է, կարծում են ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն ու անկախ փորձագետները:

«Միայն Հայաստանի տարածքում նման հուշարձանների թիվը հասնում է երկու հարյուրի»,- հայտնեց հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա նշեց, որ Մշակույթի նախարարությունը այդ շրջաններից ստացված ահազանգերի հիման վրա Հայաստանի տարբեր անկյուններում գտնվող հուշարձանների շտապ վերականգնման մասին հատուկ կանոնակարգ է մշակել:

Հայկական պատմամշակութային հուշարձանների դրությունը երկրաշարժից հետո

Հայաստանը սեյսմիկ գոտում է գտնվում, այդ պատճառով տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները երկրաշարժերից ավերվելու ռիսկի են ենթակա:

ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը կարծում է, որ միջնադարյան հուշարձանները, մասնավորապես եկեղեցիները  կարող են դիմանալ մինչև յոթ բալանոց երկրաշարժերի, իսկ 8 կամ ավելի բալանոց երկրաշարժերը կարող են պատճառ հանդիսանալ եկեղեցիների մասնակի կամ ամբողջական փլուզման:

Ըստ Նազարեթյանի, Հայաստանի միջնադարյան եկեղեցիներն ավելի ամուր են առավել ուշ ժամանակաշրջանի կառույցներից, ինչին նպաստել են միջնադարյան կառույցների ճարտարապետական որոշ առանձնահատկությունները, ինչպես նաև եկեղեցիների կառուցման տեղի ընտրությունը:
Նա նաև նշեց, որ 1679թ.-ին տեղի ունեցած Գառնու ավերիչ երկրաշարժի հետևանքով շուրջ 15 եկեղեցի է քանդվել, իսկ 1931թ.-ի երկրաշարժից հետո վնասվել է Սյունիքում գտնվող Տաթևի վանքը: Առավել ծանր են եղել 1988թ.-ի Սպիտակի ողբերգական երկրաշարժի հետևանքները, ինչի հետևանքով 8 հազար պատմամշակութային հուշարձաններից աղետի գոտում լրջորեն վնասվել են 5 հազարը, իսկ ևս 55-ը ամբողջովին փլուզվել են:

Հայկական հուշարձանների փլուզումը. ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Աշխարհում հայկական պատմամշակութային հուշարձանների քանակը գրեթե չի զիջում հենց Հայաստանի տարածքում եղածների թվին: Ընդհանուր առմամբ, հայկական եկեղեցիները հարգանք ու  հոգատար վերաբերմունք են վայելում այն պետությունների կողմից, որտեղ կառուցված են:
Սակայն հայկական հուշարձանները բոլորովին հակառակ վերաբերմունքի են արժանանում Թուրքիայում և Ադրբեջանում, որտեղ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ենթարկվել և ենթարկվում է անողոք ոչնչացման:

Այդ կապակցությամբ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (Research on Armenian Architecture, RAA)  ղեկավար Սամվել Կարապետյանը կարծում է, որ հայկական պատմամշակութային հուշարձանների դրության ուսումնասիրությամբ պետք է զբաղվել պետական մակարդակով՝ ՀՀ ԱԳՆ միջամտությամբ:

Ըստ նրա, իր կազմակերպության փորձագետները հասկանալի պատճառներով (Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները) չեն կարող խորապես զբաղվել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների ուսումնասիրմամբ: Միաժամանակ այդ երկրում, ինչպես կարծում է Կարապետյանը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն արդեն վաղուց պետական մակարդակով է իրականացվում:

Կարապետյանը մի քանի հայկական եկեղեցիներ է նշել, որոնք պայթեցվել են իշխանությունների հրամանով, այդ թվում՝ Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգի եկեղեցին, Նարեկավանքը, 10-րդ դարի Իլուվանք եկեղեցին (որը միջազգային հանրության ճնշման տակ վերականգնված Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու «տարեկիցն» է): Իսկ անցած տարի քանդվել է հայկական խաչքարերով գերեզմանոցը և այդ տեղում հիվանդանոց է կառուցվել:

Միաժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը գտնվում է տարբեր միջազգային կառույցների և պետությունների ուշադրության կենտրոնում, որոնք հնարավորության դեպքում պատրաստ են օգնել Հայաստանին:

Հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտներ Սանահինը, Գեղարդ վանական համալիրները, Հաղպատավանքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցիները, Զվարթնոց եկեղեցու ավերակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակում, իսկ 2010թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր պաշտպանության տակ է առել հայկական խաչքարերը: -0-