ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական 31–րդ ամառային խաղերում հանդես են եկել ոչ միայն հայկական դրոշի ներքո։ Նրանցից շատերը պատվո պատվանդանին են կանգնել, և նրանց պատվին հնչել են հզոր մարզական գերտերությունների օրհներգերը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզել է, թե որ տեղը կզբաղեցներ Հայաստանը մեդալների ընդհանուր ստուգարքում, եթե նրա դրոշի ներքո հանդես գային այլ երկրներ ներկայացնող մրցանակակիր հայերը։
Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում նվաճեց չորս մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե` 206 մասնակիցների թվում զբաղեցնելով 42–րդ տեղը։
Հայաստանը Ռիոյի Օլիմպիադայում. հաջողություններ և հիասթափություններ>>
Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)։ Արծաթե մեդալները բաժին հասան ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին (մինչև 105 կգ) և Գոռ Մինասյանին (105 կգ–ից բարձր), ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին, ով զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով։
Ռուսաստանին երկու ոսկե մեդալներ բերեցին սուսերամարտիկ Յանա Եգորյանը (դրանցից մեկը` թիմային մրցման մեջ)։ Բռնցքամարտիկներ Միշա Ալոյանը (Ռուսաստան) և Արտյոմ Հարությունյանը (Գերմանիա) նվաճեցին, համապատասխանաբար, արծաթ և բրոնզ։
Թիմային մրցումներում ևս մեկ արծաթ է նվաճել Սեդա Թութխալյանը և, վերջապես, բրոնզե մեդալ է նվաճել ռուսաստանցի հրաձիգ Կիրիլ Գրիգորյանը։
Այսպիսով, աշխարհի հայերի «սիմվոլիկ» հավաքականն ունի երեք ոսկե, հինգ արծաթե և երկու բրոնզե մեդալ։
Այս արդյունքը թույլ կտար ընդհանուր ստուգարքում առաջ անցնել Կոլումբիայից և զբաղեցնել 23–րդ տեղը։
Օլիմպիական խաղերում աչքի ընկան նաև հայ մարզիչները։ Մանսավորապես, օլիմպիական չեմպիոններ դարձան ջրի պոլոյի մարզիչ Ադամ Կրիկորեանի երկու ամերիկացի սաները։ Ձեռքի գնդակի Ռուսաստանի` ոսկի նվաճած կանանց հավաքականի մարզիչը նույնպես հայ Լևոն Հակոբյանն է։ Այդ թիմում է հանդես գալիս նորաթուխ օլիմպիական չեմպիոնուհի Օլգա Հակոբյանը։ Ռիոյի օլիմպիական ոսկի է նվաճել նաև ձյուդոիստ Բեսլան Մուդրանովը մարզիչ Ռուդոլֆ Բաբոյանի գլխավորությամբ։ -0-