Սուպերհամակարգիչն ու բուքմեյքերները նշել են Եվրո–2024թ․–ի հաղթողի գլխավոր հավակնորդին
ԵՐԵՎԱՆ,9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսպանիայի հավաքականը 30,38% հավանականությամբ Եվրոպայի առաջնությունում հաղթանակի գլխավոր հավակնորդն է, ըստ Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգչի կանխատեսման, գրում է ՌԲԿ-ն։
Իսպանացիները մի փոքր առաջ են անցնում ֆրանսիացիներից, որոնց չեմպիոնության հավանականությունն Opta-ն գնահատում է 29,9%: Անգլիայի հնարավորությունները 22,85% են, Հոլանդիայինը՝ 16,86%։
Gracenot սուպերհամակարգիչը հուլիսի 3-ին նույնպես ֆավորիտ է անվանել Իսպանիային (18,8%)։
Բուքմեյքերները նույնպես նախապատվությունը տալիս են իսպանացիներին՝ 3,00 գործակից, երկրորդ տեղում Անգլիան է (3,60 - 3,70), երրորդը՝ Ֆրանսիան (3,70 - 3,80): Հոլանդացիների վերջնական հաղթանակի վրա խաղադրույքներն ընդունվում են 5,50–5,70 գործակցով։
Այսօր՝ հուլիսի 9-ին Մյունխենում կայանալիք կիսաեզրափակչում իսպանացիները կխաղան ֆրանսիացիների հետ, իսկ հաջորդ օրը Դորտմունդում անգլիացիներն ուժերը կչափեն հոլանդացիների հետ։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինում։
Քառորդ եզրափակչում Իսպանիան կարողացավ հաղթել Գերմանիային միայն լրացուցիչ ժամանակի վերջում (2:1), Ֆրանսիան և Անգլիան 11 մետրանոցներով հաղթեցին համապատասխանաբար Պորտուգալիային և Շվեյցարիային, իսկ Հոլանդիան հիմնական ժամանակում հաղթեց Թուրքիային (2:1):

