Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան

15.04.2016, 18:55
Ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ով նախօրեին նվաճել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, նշել է, որ հաղթանակի համար ուժ է ստացել սահմանին կանգնած հայ զինվորներից։
Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ով նախօրեին նվաճել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, նշել է, որ հաղթանակի համար ուժ է ստացել սահմանին կանգնած հայ զինվորներից։

«Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես էլ ինչից պիտի վախենայի: Անընդհատ այդ մտքերի մեջ էի, որ մենք քանակով քիչ ենք ադրբեջանցիների համամետ, ոչ նույնաչափ զենք ունենք, բայց հաղթում ենք: Իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած են մեր սահմանին», – նշել է նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին տված հարցազրույցում։

Ավդալյանը հիշել է, որ վերջին անգամ 8 տարի առաջ է Եվրոպայի չեմպիոն դարձել:

«2009 թվականից սպորտի մեջ չէի: Վնասվածքները հաջորդում էին մեկ մեկու, այնուհետ ավտովթարը եղավ, որից հետո հեռացա մեծ սպորտից: 2015 թվականից նորից մարզվում էի: Ես չէի մտածում Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին:  Առաջին հերթին մտածում էին մոտեցումներս լավ անելու մասին», – ասել է Ավդալյանը։ 

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` փոխչեմպիոն>>

«Ես իսկապես էմոցիոնալ առումով շատ բուռն մրցաշար ունեցա: Ոչ մի մրցաշարում հաղթելիս այսպիսի զգացողություն չեմ ունեցել, գուցե նրանից է, որ այն ժամանակ երեխա էի, հաղթանակի բերկրանքը չէի վայելում մինչև վերջ։ Շատ շատերը չէի հավատում, որ կարող էի լուրջ արդյունք գրանցել», – ասել է նա։

Ավդալյանը հայտարարել է, որ այս Եվրոպայի առաջնությունում բարձրացրած քաշերը բարձրացրել է նաև մարզումների ժամանակ։ «Երբ նախնական արդյունքներին ես նայում, ոչ մեկ չի ներկայացնոում այն, ինչը որ կարող է բարձրացնել: Կարծում եմ յուրաքանչյուր մարզիկ ունի վախի չնչին զգացում», – պարզաբանել է նա։

Եվրոպայի չեմպիոնը նաև խոստովանել է, որ երբեք չի խոսում ապագա պլանների մասին:

«Առաջ Աստված: Իհարկե, ինքս իմ մեծ նպատակներ ունեմ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Չկա մի մարզիկ, ով չի երազում Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին, նրանց թվում նաև ես», – ասել է Ավդալյանը։ -0-