Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

14.04.2016, 00:42
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Տղամարդկանց 77 կգ քաշային կարգում մասնակցում էին 10 մարզիկներ` Ալբանիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Հայաստանից:

Պոկում վարժությունում հայ մարզիկները սկսեցին մոտենալ ծանրաձողին, երբ մյուսներն արդեն ավարտել էին ելույթները:  Տիգրան Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 160 կգ կշռող ծանրաձողը և դարձավ փոքր փոքր արծաթե մեդալակիր: Իսկ Անդրանիկ Կարապետյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհետ 170 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 174 կգ-ը:

Հրում վարժության ժամանակ Անդրանիկ Կարապետյանը նախ հրեց 192 կգ, հետո` 197 կգ, սակայն չբարձրացրեց 200 կգ: Տիգրան Մարտիրոսյանը հրեց միայն 192 կգ: Նրան չհաջողվեց բարձրացնել 197 կգ: Երկամարտի 367 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ` երկամարտի 352 կգ արդյունքով:–0–