Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. փետրվարի 1–ին Ջերմուկում մեկնարկում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

30.01.2025, 14:55
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից
Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. փետրվարի 1–ին Ջերմուկում մեկնարկում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել էր Նորավանքում: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել ջահը։ Այն փոխանցվել էր Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Տիտղոսակիր մարզիկները ջահով ուղևորվել էին Ջերմուկ: