Երկու տարում ՀՀ ավելի քան 270 հազար քաղաքացի աղքատության շեմին է հայտնվել. վիճակագրական ծառայություն
2008-2010 թվականների ընթացքում Հայաստանի ավելի քան 270 հազար քաղաքացի աղքատության շեմին է հայտնվել, երեքշաբթի հայտնեց հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսության հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսյանը:
«Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, 2010թ.-ին հանրապետության աղքատ քաղաքացիների քանակը շուրջ 1,2 մլն է կազմել (բնակչության շուրջ 35,8 տոկոսը) և դա վկայում է, որ երկրի գրեթե յուրաքանչյուր երրորդ քաղաքացին գտնվում է աղքատության շեմին»,- «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը» առաջին հետազոտության շնորհանդեսի ընթացքում ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա, աղքատության շեմին գտնվող բնակչության կառուցվածքում շուրջ 21,3 տոկոսը կազմում են շատ աղքատ մարդիկ, իսկ 3 տոկոսը՝ չափազանց աղքատները: «Այդ տվյալները վերհանելու համար վերցվել են հանրապետության քաղաքացիների շրջանում սպառման ընդհանրացված ցուցանիշները»,- ավելացրեց Մարտիրոսյանը:
ՀՀ պետբյուջեի և «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ անցկացված հետազոտությունը 7 հազար 872 տնային տնտեսություն է ընդգրկել հանրապետության բոլոր մարզերում:
Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն իր հերթին նշեց, որ անցումային տնտեսություն ունեցող երկրների համար՝ ինչպիսին Հայաստանն է, աղքատության մակարդակը որոշելու համար առավել օբյեկտիվ ցուցանիշ է համարվում սպառողական մակարդակի վերհանումը:
«Ընդունված նորմերի համաձայն, աղքատ է համարվում այն չափահաս մարդը, ում սպառողական ցուցանիշն աղքատության վերին սահմանից ցածր է գտնվում՝ 33 հազար 517 դրամ (շուրջ 89,7 դոլար), շատ աղքատներ՝ աղքատության ընդհանուր ցածր սահմանից ցածր՝ 27 հազար 410 դրամ (73,4 դոլար) ցուցանիշի դեպքում, իսկ չափազանց աղքատ են համարվում այն քաղաքացիները, որոնց սպառողական նվազագույնը գտնվում է ծայրահեղ մակարդակում՝ 19 հազար 126 դրամ (51,2 դոլար)»,- ասաց Մնացականյանը:
Համաշխարհային Բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին իր հերթին նշեց, որ ՀԲ-ն հանրապետության աղքատության ցուցանիշների հաշվետվության հարցում միշտ բազմիցս աջակցել է ՀՀ վիճակագրական ծառայությանը:
«Նման հետազոտությունների շնորհիվ կարելի է բացահայտել, թե որքանով է արդյունավետ համարվում հանրապետության աղքատությունը վերացնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը, և ինչպիսին է պետությունում այդ ցուցանիշների աճի դինամիկան»,- նշեց Հափին:
Ըստ 2009թ.-ի տվյալների, վիճակագրական տեղեկատվության համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է շուրջ 34 տոկոս, չափազանց աղքատության մակարդակը՝ աղքատների ընդհանուր թվի 3,6 տոկոսը: -0-