Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը աշխարհի տարբեր երկրներում շուրջ 30 ցուցահանդեսների կազմակերպման աննախադեպ ծրագիր կմշակի, ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միայն առաջին երեք տարվա ընթացքում կմշակի շուրջ 30 ցուցահանդեսների անցկացման ծրագիր, որն աննախադեպ է իր տեխնիկական համալրմամբ և բովանդակությամբ, ցուցահանդեսներից յուրաքանչյուրն առանձին անվանում կունենա», - հինգշաբթի լրագրողներին ասաց Դեմոյանը:
Նրա խոսքով՝ ամեն ցուցադրություն իրենից կներկայացնի Ցեղասպանության դրվագներից մեկը, որոնց համադրությունը կստեղծի հայ ժողովրդի պատմության այս ողբերգական էջի ամբողջական պատկերը:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կազմակերպվելիք այս ցուցահանդեսները միանգամից կկազմակերպվեն բազմաթիվ քաղաքներում:
Նրա խոսքով՝ այս տարի ցուցահանդեսներից մեկը կանցնի Փարիզում՝ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի Երևան կատարած այցի շրջանակներում օրերս ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Բացի այդ, նմանատիպ շարժական ցուցահանդես կկազմակերպվի 2012 թ.-ին Ռուսաստանում՝ երկրի քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ:
Նա տեղեկացրեց, որ այս պահին թանգարան-ինստիտուտը սկանդինավյան երկրներում ցուցահանդես անցկացնելու ինտենսիվ բանակցություններ է վարում, նախատեսվում է միջոցառումներ կազմակերպել Լիբանանում և ԱՄՆ-ում:
Դեմոյանն ավելացրեց, որ արդեն կազմվել են բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք կներառվեն ցուցադրության մեջ, և կազմակերպիչներին մնում է միայն քննարկել ցուցահանդեսի անցկացման կոնկրետ վայրի հետ կապված հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն քաղաքապետարանների, գրադարանների շենքերում և այլ հասարակական վայրերում:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-