«Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթը Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 11-ին

10.10.2011, 16:28
«Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթը Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 11-ին
«Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթը Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային խաղ-մրցույթն այս տարի  կանցկացվի նոյեմբերի 11-ին Հայաստանում, հաղորդում է Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամը։

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» խաղ-մրցույթը համարվում է «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի կրտսեր «եղբայրը»: «Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթն անցկացվում է Հայաստանում արդեն երկրորդ անգամ: «Այս տարի մրցույթի աշխարհագրությունն ընդլայնվել է. մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են ՀՀ բոլոր քաղաքների 553 և Ստեփանակերտի բոլոր 13 դպրոցներին»,- նշում են կազմակերպիչները:

Մեկնարկել է նաև մրցույթին մասնակցել  ցանկացող աշակերտների գրանցումը: Դպրոցներում աշակերտների գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն է, իսկ  դպրոցների հայտերի ներկայացման վերջնաժամկետը` հոկտեմբերի 20-ը:

Անցյալ տարի «Ռուսական արջուկ» խաղ-մրցույթին մասնակցեցին Երևանի թվով 41 և Գյումրու 8 դպրոցների 2130 աշակերտներ, որոնցից 144-ն արժանացել է մրցանակների։

Մրցույթի գործընկերն է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունը: -0-