ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը ՀՀ Արարատի և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճան տաքության, հայտնեց Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
«Նախորդ օրերին օդի ջերմաստիճանը չի գերազանցել 38-39 աստիճանները...Այսօր և վաղն օդի ջերմաստիճանը չի գերազանցի 39 աստիճանը, իսկ ահա շաբաթ, կիրակի օրերին և երկուշաբթի, այսինքն՝ հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին, Արարատի և Սյունիքի հովիտներում կգրանցվի 40 աստիճան»,- հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը։
Ըստ նրա, հատկապես բարձր ջերմաստիճան կգրանցվի Երևանում։ Միաժամանակ նշված շրջաններում գիշերվա օդի ջերմաստիճանը կհասնի 27 աստիճան տաքության։
Դրա հետ մեկտեղ Պետրոսյանն ընդգծեց, որ օդի խոնավությունը կհասնի իր նվազագույնին, այսինքն՝ մինչև 17 տոկոսի։
Նա տեղեկացրեց, որ շոգը կսկսի նվազել օգոստոսի 2-ից, իսկ օգոստոսի 5-ին 4-5 աստիճանով կնվազի։ -0-