Պատրաստվում ենք Բարեկենդանին. տոնական ուղեցույց «Նովոստի-Արմենիայից»

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 23-ին Հայաստանում տոնում են Բարեկենդանը, որը նախորդում է Սուրբ հարության տոնի՝ զատիկից առաջ եկող Մեծ պահքին։ Հին հայկական տոնը շատ ավանդույթներ ու հարուստ պատմություն ունի, որոնց մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի և Բարեկենդանին նվիրված միջոցառումների կազմակերպիչ Կարինե Փանոսյանը։
Ի՞նչ է խորհրդանշում Բարեկենդանը
Հայկական եկեղեցական ավանդույթի համաձայն՝ Բարեկենդանը այն երջանկության հիշողությունն է, որը ժամանակին Ադամն ու Եվան վայելել են դրախտում։ Այդ օրը մարդիկ ուրախանում են, մոռանում են տառապանքի մասին և սփոփանք են գտնում։ Ավանդաբար՝ այդ օրը ամենաշատ հարսանիքներն ու նշանդրեքներն էին լինում։
Բարեկենդանի խորհրդի շատ մեկնություններ կան, իսկ արմատներն այնքան խորն ու հին են, որ նման տոներ հանդիպում են ամենահին ժողովուրդների մոտ, ընդ որում՝ եվրոպական։ Եվ համարյա բոլոր այդ տոների հիմքում ընկած է նախաքրիստոնեական մշակույթը։
Բարեկենդանը նշելու հիմնական ավանդույթները
Բարեկենդանին մարդիկ կազմակերպում էին բեմադրություններ, դիմակահանդեսներ, խաղեր, մրցույթներ փոքրերի և մեծերի համար։ Երեխաները դեմքերին մուր էին քսում, կենդանիների դիմակներ էին դնում, ծիծաղելի հագուստ էին հագնում և դուրս էին գալիս շքերթի, որն անցնում էր ամբողջ գյուղով։ Օրվա վերջում տոնախմբությունը մեծ խնջույքի էր վերածվում, զուռնա էին նվագում, երգում, պարում և շուրջպար բռնում։
Բարեկենդանը ուրախ տոն է, որը խորհրդանշում է բարօրություն և առատություն։ Տոնի հաջորդ օրը սկսում էր Մեծ Պահքը, դրա համար այդ օրը մարդիկ հնարավորինս ուրախանում էին․ կանայք կարող էին տղամարդու հագուստ հագնել, իսկ տղամարդիկ՝ կանացի, երեխաները մեծերի կերպար էին ընդունում և հակառակը։ Նաև Բարեկենդանի ժամանակ շատ էին գուշակություններ անում, ինչպես բոլոր հին տոների ժամանակ։
Ի՞նչ ուտեստներ են մատուցվում Բարեկենդանին
Բարեկենդանը համարվում է խնջույքների մի շրջան, որի ընթացքում մարդիկ պահքից առաջ դատարկում են իրենց ձմեռային պաշարները։ Այդ պատճառով սեղանին, հիմնականում, դրվում էր միս, հարիսա և ձու։ Տոնի վերջին օրերին սեղանները լի էին ուտելիքով և գինով, կարող էր մատուցվել մինչև 12 տարբեր ուտեստ։
Ինչպե՞ս են փոխվել Բարեկենդանը տոնելու ավանդույթները
Վերջին հարյուր տարիների ընթացքում Բարեկենդանը չի նշվում որպես համաժողովրդական տոն։ Այն դուրս է եկել ժողովրդական մշակույթից, ինչը կարող է կապված լինել Հայոց ցեղասպանության և խորհրդային կարգերի հաստատման հետ։
Ինչպե՞ս բարեկենդանը կնշեն այս տարի Հայաստանում
Փետրվարի 22-ին Բարեկենդանը մեծ տոնակատարություններով կնշվի Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում։ Հյուրերը կարող են ծանոթանալ հաց թխելու գործընթացին, մասնակցել դիմակավորված շքերթին, եկեղեցու բակում կկազմակերպվեն խաղեր, պարեր, երգեր, խնջույք և տոնավաճառ։-0-