Խոստացել էին ավտոբուս, բայց կգնեն «ԳԱԶել»․ Ի՞նչ է կատարվում տրանսպորտային համակարգի բարեփոխման հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում նոր ավտոբուսների փոխարեն հին «ԳԱԶել»-ներին փոխարինելու են նորերը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ որ ընդունված նախագծով նախատեսված են երեք չափի ավտոբուսներ. դրանցից ամենամեծը 18-մետրանոց է՝ 150 ուղևորով, երկրորդը՝ 12-մետրանոց՝ 90-100 ուղևոր և երրորդ չափը, որը կոչվում է միջին չափի, 7,5-8, մետրանոց է՝ 45-55 ուղևորով:
Ավագանու անդամը հայտնեց, որ նոր տրանսպորտային նախագծում, որը նախագծվել է WYG կազմակերպության կողմից,որը ընդունել է քաղաքապետարանը և որի հետ պարտքուպահանջները փակել է գործող քաղաքային իշխանությունը, ընդունվել է հենց այսպիսի ցանց:
Նրա խոսքով, դրա էությունն այն է, որ 4 միկրոավտոբուսները փոխարինվում են մեկ միջին չափի ավտոբուսով: Նոր ցանցում հստակ երթուղիները կան: Այս ամենն առկա է նաև Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում, որտեղ գրված է, որ պետք է բացառվեն միկրոավտոբուսները, դրանք պետք է փոխարինվեն միջին և մեծ տարողության ավտոբուսներով: Այսինքն իշխանությունների խոստումների ողջ էությունն այն էր, որ վերջ «մահվան Գազելներին», և պետք է ձեռք բերվեն ավտոբուսներ»,-ասաց Խաժակյանը:
Նա հիշեցրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի Բրյուսել այցի ժամանակ ուսումնասիրում էր ավտոբուսները. «Այս տարվա ապրիլի 28-ին ասվեց, որ 100 ավտոբուսների մրցույթն արդեն հայտարարվել է: Քաղաքային իշխանությունը պետք է ազնիվ լիներ և տեղեկացներ, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա»:
«Այսինքն մեր հասարակությանը 2 տարի մի բան էին ասում, սակայն հիմա գնում են «ԳԱԶել»-ների պատվիրման»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ներկայացված պարամետրերը ցույց են տալիս, որ նպատակը հենց «ԳԱԶել»-ի գնումն է: «Այնպիսի չափեր են նշված, որ հաղթի «ԳԱԶել»-ը: Վերցրել են «ԳԱԶել»-ի տեխնիկական բնութագրերը ու դրել չափանիշներում: Այսինք, երբ ժամանակին Մարությանն ասում էր, որ «ԳԱԶել»-ները փոխելու ենք, խոսքը հին «ԳԱԶել»-ները նորերով փոխելու մասին էր»,-ընդգծեց նա:-0-