Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների հարցում․ Մերկել

13.02.2020, 22:35
Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների հարցում․ Մերկել
Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների հարցում․ Մերկել

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
 
  Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով: 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին` նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի և կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ և գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում` արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով: 

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և կարևորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:-0-