Instagram-ում նոր ֆունկցիա է հայտնվել
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Instagram սոցիալական ցանցի ստեղծողները հայտարարել են նոր գործառույթի մասին, որի շնորհիվ օգտատերերն այժմ կարող են իրենց համար դերանուններ ընտրել, հաղորդում է ԱՌԿԱ– Տելեկոմ հեռահաղորդակցական պորտալը:
Այս մասին նշված է սոցիալական ցանցի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
Նշվում է՝ դերանունը կցուցադրվի անձի անվան աջ կողմում, այն կտարբերվի մնացած գրություններից, քանի որ տառատեսակը կլինի ավելի փոքր և մոխրագույն: Ցանկության դեպքում օգտատերը կկարողանա իր դերանունը հասանալի դարձնել միայն իր հետևորդների համար, հաղորդում է tert.am-ը:
NBC News-ի տվյալներով՝ լրացուցիչ գործառույթը տարածք կխնայի պրոֆիլի նկարագրության՝ կենսագրության մեջ, որտեղ նիշերի քանակը սահմանափակ է:
Լրագրողների խոսքով՝ նոր գործառույթը կարող է դուր գալ «անսեռ» մարդկանց, այսինքն՝ նրանց, որոնք իրենց ո՛չ տղամարդ, ո՛չ էլ կին չեն համարում:
Նոր հնարավորությունն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում: Ապագայում ընկերությունը նախատեսում է գործառույթն այլ երկրներում ևս ակտիվացնել:–0–