ԵՄ–ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը հուսալի ճանապարհորդների համար

19.04.2019, 18:54
ԵՄ–ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը հուսալի ճանապարհորդների համար, սակայն ավելացրել է վիզայի վճարը։
ԵՄ–ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը հուսալի ճանապարհորդների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիության խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը, որը վերաբերում է վիզային լավ պատմություն ունեցող ճանապարհորդների համար շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի դյուրացմանը։

Փոփոխությունները կոչված են ավելի ճկուն դարձնել վիզայի հետ կապված ընթացակարգերը, դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6 ամից անց, նշվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալում, հաղորդում է «Վեդոմոստին»։

«Այժմ զբոսաշրջիկները կարող են վիզայի հայց ներկայացնել նախատեսված այցից առավելագույնը 6 ամիս առաջ (այժմ այդ ժամկետը կազմում է 3 ամիս)։ Մեծ մասամբ դա կարելի է անել բնակության երկրում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովում նշում են, որ զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում ԵՄ տնտեսության մեջ` կազմելով ընդհանուր ՀՆԱ–ի մոտ 10%–ը։ Կանոնների փոփոխությունը կխթանի տուրիստական ակտիվությունն ու կաջակցի բիզնեսի զարգացմանը ԵՄ երկրներում։ 

Կփոխվի մոտեցումը բազմանգամյա տուրիստական վիզաների տրամադրման հարցում։ Վիզային դրական պատմություն ունեցող ճանապարհորդները կկարողանան ստանալ 1–ից մինչև 5 տարի ժամկետով վիզաներ։ Միաժամանակ, վիզայի համար նախատեսված վճարը կավելանա` 60 եվրոյից դառնալով 80 եվրո։ Մինչև 18 տարեկան զբոսաշրջիկները կազատվեն վճարից։

Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ ստորագրվել է ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր, վիզայի համար կվճարեն նախկինի պես` 40 եվրո։ Վճարի չափը վերանայվելու է երեք տարին մեկ անգամ։–0–