Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները

23.07.2019, 11:37
Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները:
Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Չորս տարեկան փոքրիկ Մարտինն իր կյանքի ընթացքում ավելի հաճախ եղել է հիվանդանոցներում, քան տանը։ Խնդիրն այն է, որ ծնված օրվանից փոքրիկի մոտ գրանցվում են տենդի նոպաներ։ 15 օրը մեկ նա սկսում է ջերմել, երբեմն ջերմությունը հասնում է մինչև 40 աստիճանի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։

«2019թ.–ի հունվարից որդուս վիճակը վատացավ։ Տենդը դարձավ հաճախակի, նոպաները գրանցվում էին յուրաքանչյուր 5 օրը մեկ։ Փրկվում էինք տարբեր միջոցներով, սակայն ամենասարսափելին այն էր, որ մեր բնակավայրում ոչ ոք չէր կարողանում ճիշտ ախտորոշում անել», – պատմում է փոքրիկի մայրը։

Ընտանիքը Մարտինին տարել է հետազոտությունների երկրի լավագույն կլինիկաներ, չորս անգամ նրանք մեկնել են արտերկիր, որտեղ բժիշկները պարզել են նոպաների պատճառը։ 

«Մարտինի մոտ բացահայտվել է գենի մուտացիա։ Մեզ ախտորոշվեց հազվագյուտ գենետիկ հիվանդություն` «Պարբերական հիվանդություն»` Մարշալի համախտանիշնով», – պատմում է երեխայի մայրը։

Բժիշկների խոսքերով, դա պարբերական տենդ է, որը հանգեցնում է 3–6 օր տևող բարձր ջերմության։ Համախտանիշի հետևանքով նկատվում է հոգնածություն, դող, ինչպես նաև (որոշ դեպքերում) փորացավ և գլխացավ, ջերմության բարձրացում, կոկորդի ցավ։ Որպես կանոն համախտանիշն ի հայտ է գալիս 2–5 տարեկանում ու ավելի հաճախ հանդիպում է տղաների շրջանում։

«Արտերկրում մեզ առաջարկեցին հեռացնել նշիկները։ Ասացին, որ դա բուժման միակ միջոցն է։ Սակայն ոչ ոք ռիսկ չարեց վիրահատել, քանի որ վստահ չէին, որ դա իսկապես կօգնի ու կազատի տենդից», – պատմում է Մարտինի մայրիկը։ 

Ընտանիքը վերադարձավ Ռուսաստան և որոշեց պարզել` արդյոք տեղի բժիշկները կկարողանան վիրահատել, թե ոչ։ Նրանք դիմեցին Նովոռոսիյսկի Առաջին քաղաքային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Արսեն Հայրապետյանին։ Ի տարբերություն իր գործընկերների` Հայրապետյանը վստահ էր, որ նշիկների հեռացումը կթեթևացնի երեխայի վիճակը, և պարզվեց, որ իսկապես իրավացի է։

Վիրատահությունը կատարվել է մայիսի 29–ին և տևել է առնվազն կես ժամ։«Այդ վիրահատությունից անցել է ավելի քան մեկ ամիս։ Որդիս հիմա ապրում է լիարժեք կյանքով, հաճախում է մանկապարտեզ, զբոսնում է։ Ես անսահման երախտապարտ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է», – նշում է երջանիկ մայրիկը, ով շնորհակալական նամակ է ուղարկել Նովոռոսիյսկի քաղաքապետի տեղակալ Նատալյա Մայորովային։–0–