7 մթերք ամուր և առողջ եղունգների համար

03.01.2021, 13:27
Ներկայացնում ենք 7 մթերք ամուր և առողջ եղունգների համար
7 մթերք ամուր և առողջ եղունգների համար
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թույլ, դյուրաբեկ եղունգներն ամրապնդելն այդքան էլ հեշտ չէ. քսուքները և դիմակները, եթե նույնիսկ օգնում են, ազդում են շատ դանդաղ: Լոգանքներն ամենօրյա արարողություն չեն, իսկ լաքի օգտագործմամբ կանոնավոր մատնահարդարումը թուլացնում է եղունգի թիթեղը, նույնիսկ եթե լաքն ամրապնդող է: Եվ հարց է ծագում` ի՞նչ անել: Հնարավոր է, որ օգնի ճաշացանկի թեթև շտկման ստուգված մեթոդը: Կերե´ք ավելի շատ մթերք, որ պարունակում է եղունգների առողջության համար կարևոր նյութեր:

Ահա լավագույն 7 տարբերակներն` ըստ teleprogramma.pro–ի։ 

1. Ավոկադո

 - рис.1

Ավոկադոն բուսական սպիտակուցի, A, B, E և K վիտամինների, ֆոլաթթվի, կալիումի և օգտակար ճարպերի արժեքավոր աղբյուր է: Վերոնշյալ բոլոր տարրերը կարևոր դեր են խաղում եղունգների, ինչպես նաև մազերի և մաշկի ամրապնդման գործում: Խոհարարական տեսանկյունից ավոկադոն շատ ունիվերսալ է. ըստ ցանկության այն կարելի է ավելացնել աղցանների և սմուզիների մեջ, պատրաստել գուակամոլե, կրեմ-ապուր և նույնիսկ տապակել ավոկադոյի կտորները գրիլի վրա:

2. Հազար

 - рис.2

Առողջ ապրելակերպի ջատագովներն իզուր չեն ներառում հազարն ամենաօգտակար մթերքի թոփ ցուցակներում: Հազարը, հատկապես նրա մուգ թերթիկներով տեսակները, հարուստ են երկաթով, ցինկով, մագնեզիումով, A, B, և E վիտամիններով, բուսական սպիտակուցով և այլ օգտակար տարրերով, որոնք կենսական նշանակություն ունեն մաշկի, մազերի և եղունգների համար: Ի՞նչ է պետք անել, որ այս բոլոր տարրերը ճիշտ յուրացվեն: Պետք է պարզապես այն հում վիճակում ուտել և որքան հնարավոր է շատ:

3. Հավկիթ

 - рис.3

Նախաճաշին պինդ խաշած ձուն հոյակապ բաղադրատոմս է բոլոր նրանց համար, ովքեր հոգում են իրենց եղունգների առողջության մասին և ցանկանում են, որ դրանք ամուր լինեն, չշերտատվեն և ավելի արագ աճեն: Ձուն հարուստ է սպիտակուցներով, B և D վիտամիններով: Եթե հաշվում եք ուտելիքի կալորիականությունը, ապա կերեք միայն ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը թողեք որևէ թխվածքի համար: 

4. Սպիրուլինա

 - рис.4

Սպիրուլինա ջրիմուռը (spirulina algae), ըստ էության, համեղ ուտելիքի շարքին չի պատկանում, բայց դիմադրողականությունը խթանելու նրա գերունակությունը, անկասկած, արժանի է ուշադրության: Եղունգների ամրապնդումն այս ջրիմուռի օգտագործման դրական արդյունքներից միայն մեկն է: Սպիրուլինայի հրաշալի հատկությունները բացատրվում են բետա-կարոտինի մեծ պարունակությամբ, ինչպես նաև` B խմբի վիտամինների, բիոտինի, սպիտակուցների, մագնեզիումի և քլորոֆիլի առատությամբ: Մեկ թեյի գդալ սպիրուլինան ավելի շատ երկաթ է պարունակում, քան մսի սթեյքը: Սպիրուլինան կարելի է գտնել չորացրած տեսքով, ինչպես նաև դեղատանը` կենսահավելումների տեսքով:

5. Դդմի և արևածաղկի սերմեր

 - рис.5

Խոսքը, բնականաբար, աղի բոված սերմերի մասին չէ, որոնք վաճառվում են խանութներում: Աղը, բուրահաղորդիչները և ջերմային մշակումը ոչնչացնում են բոլոր այն օգտակար տարրերը, որոնցով օժտված են դդմի և արևածաղկի սերմերը: Հում, չմշակված վիճակում դրանք հարուստ են սպիտակուցով, ցինկով, պղնձով, E վիտամինով, բիոտինով և «երջանկության հորմոն» տրիպտոֆանով: Այս բոլոր բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում եղունգների առողջության և ամրության վրա:

6. Յոգուրտ

 - рис.6

Սպիտակ ոչ քաղցր յոգուրտը պարունակում է կալցիում, բիոտին, վիտամին D, երկաթ, մագնեզիում, կալիում և այլ տարրեր, որոնք անփոխարինելի են եղունգների առողջության համար: Իհարկե, կարևոր է, որ յոգուրտը լինի որքան հնարավոր է բնական, թարմ, մաքուր, ծանրաբեռնված չլինի բուրահաղորդիչներով և կոնսերվանտներով: Կարելի է նաև փորձել ինքնուրույն պատրաստել յոգուրտ, չէ՞ որ դա շատ հեշտ է: Իսկ խոհարարական տեսանկյունից յոգուրտը հարմար է նրանով, որ այն կարելի է ավելացնել գրեթե ցանկացած ուտեստի մեջ` աղանդերից և նախուտեստից սկսած` մինչև սառը ապուրներ:

7. Ընկույզ

 - рис.7

Ընկույզն օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների կարևոր աղբյուր է: Դրանք այն օգտակար ճարպերն են, որոնք դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա: Բացի այդ, ընկուզը հարուստ է սպիտակուցով, բջջանյութով, մագնեզիումով, ցինկով, կալիումով, պղնձով, մելաթոնինով և բիոտինով: Կանոնավոր ընկույզ ուտելը դրական ազդեցություն կունենա ոչ միայն եղունգների առողջության վրա, այլ նաև ամենօրյա ինքնազգացողության. դուք ձեզ ավելի աշխույժ, ուշադիր կզգաք, իսկ կենտրոնանալն ավելի հեշտ կլինի` նույնիսկ ամենաբարդ խնդիրների վրա: Իզուր չէ, որ ընկույզը համարվում է «ուղեղի» թեթև նախաճաշ: Եթե դուք ընկույզ չեք սիրում, ապա փորձեք բրազիլական ընկույզը. օգտակար տարրերը նույնն են, բայց համը լրիվ այլ է:–0–