Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը

23.08.2019, 20:17
Ներկայացվել է Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը:
Երևանում քննարկել են երկնաքերի կառուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարարն Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝5։

«Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։ Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար», - ասվում է տարածած հաղորդագրությունում։

Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի:

Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքություն։ Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։

«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։-0-