ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է մարտի 1–ի գործով անցնող 3 անձանց նկատմամբ դատական որոշումը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. կայացված դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը): Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան, «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նշված անձինք, տարբեր հանգամանքներում և տարբեր վայրերում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հրելու, քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ, ծառայողական պարտականություններ կատարելու հետ կապված, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
Դատավճիռներով Հովհաննես Ղազարյանը դատապարտվել է մեկ տարի, Դավիթ Առաքելյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Իսկ Արամ Շահինյանը դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ժամկետով ռեալ ազատազրկման:
Բոլոր երեք դեպքերում էլ դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը Հ. Ղազարյանի և Դ. Առաքելյանի վերաբերյալ գործերով վերաքննիչ բողոքով վարույթները կարճել է՝ դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով, իսկ Ա. Շահինյանի դեպքում՝ վերաքննիչ բողոքը մերժել է և անփոփոխ թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
«ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Մասնավորապես, հիմնավորվել է, որ նշված անձանց վերաբերյալ գործերով մինչդատական և դատական վարույթների ընթացքում խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ (Քրեական պատասխանատվության հիմքը) և 18-րդ (Հանցագործության հասկացությունը) հոդվածների պահանջները, և նրանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
Վարույթն իրականացնող մարմինը և դատարանները այդ անձանց կողմից ոստիկաններին հրելը կամ քաշքշելը դիտել են որպես բռնություն, մինչդեռ առկա է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշում առ այն, որ դրանք չեն կարող որպես այդպիսին գնահատվել: Մեղադրանքներում, դատական ակտերում նկարագրված չեն այդ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի արտահայտման ձևերը: Երեք քրեական գործերով էլ տուժող ճանաչված անձինք չկան:
Նշվում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:
Մասնավորապես, դատաքննությունների ընթացքում մերժվել են անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն ականատեսին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները, կամ մեղադրանքի հիմքում դրվել են վկաների հակասական ցուցմունքներ, կամ դատարանի կողմից անարժանահավատ են համարվել վկաների դատաքննական ցուցմունքներ՝ չնայած դրանք գործով առկա այլ տվյալներով չեն հերքվել:
Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:
«Բացի վերոնշյալը՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերից երկուսով դատական նիստին ամբաստանյալների չներկայանալը որպես բողոքից հրաժարվելու հիմք դիտարկելը և դրանով վարույթները կարճելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին և հիմնավորված չեն», - նշվում է հաղորդագրությունում:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու և փոփոխելու պահանջով:-0-