ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող և բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողների և աշակերտների հետ հանդիպմանը։
«Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք: Այս ճանապարհը փորձված ճանապարհ է: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը մշտապես տեսել, ընկալել և ընդունել է առաջավորը, տեղայնացրել ու նաև սրա շնորհիվ է, որ կարողացել է հարատևել, և մենք պետք է այս ճանապարհը շարունակենք»,– նախագահի մամուլի ծառայությունից մեջբերում են նրա խոսքը։
Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Շնորհավորելով մրցանակակիրներին Նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ` նախագահը նշել է, որ իր համար հաճելի պարտականություններից մեկը պարգևներ հանձնելն է։
«Բայց այս պարագայում՝ ինձ համար սա կրկնակի հաճույք է, որովհետև նախ պարգևների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաև՝ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարևոր ու հեռանկարային է: Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում»,– ընդգծել է նախագահը։
Երկրի ղեկավարը նշել է, որ նրանց հաջողությունները ավատեսություն և ուրախություն են պարգևում`մաղթելով դափնեկիրներին լինել ավելի նախաձեռնող, շատ համարձակ սեփական նախաձեռնություններում և համառ՝ կրթության մեջ:
«21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»,– նշվում է նախագահի խոսքում։
Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորում է և շնորհակալություն է հայտնել դափնեկիրներին նրանց ծառայության համար։
Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 409 ուսանող և աշակերտ: -0-