ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ` ընդգծելով, որ հայերը հպարտ են նման մեծանուն հայրենակցով:
«Հարգելի Արթուր Նիկոլայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Որպես մեծ գիտնական` Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի և Անտարկտիկայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Երկրի ղեկավարի խոսքով` մեծ է Չիլինգարովի դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության և զարգացման գործում:
«Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում: Հայաստանում Ձեզ գիտեն և բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետևողական ամրապնդման հաստատուն կողմնակցի»,- ընդգծել է նախագահը:
«Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և կենսական անսպառ եռանդ նոր գիտական բացահայտումների համար»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:--0--